13 Mashtots ave., Yerevan, Armenia +374 41 501530, +37410 501530


The best way to discover Armenia


+374 41 501530

Արարատ լեռ


Հայաստանում կան բազմաթիվ գեղատեսիլ ու հիշարժան վայրեր: Սակայն յուրաքանչյուր այցելուի հիշողության մեջ մեկընդմիշտ մնում է աշխարհի ամենահեքիաթային և ազնվագույն պատկերը` Արարատ լեռան հիասքանչ տեսարանը:

Աստվածաշունչում գրված է. «Եւ եօթներորդ ամսում` ամսի տասնեւօթներորդ օրը տապանը Արարատ սարի վերայ նստեց» (ԳԼ Ը. 4): Համաշխարհային ջրհեղեղի ժամանակ, նավարկության 150-րդ օրը, Նոյան տապանը կանգ առավ Արարատ լեռան վրա: Այդ օրը մարդկությունն ապրեց իր երկրորդ ծնունդը Հայաստանում` Արարատ լեռան վրա: Հենց այս փաստի շնորհիվ Հայաստանը համարվում է Սուրբ Երկիր, իսկ Արարատը` Սուրբ Լեռ:

Հայ ժողովրդի համար Արարատն օրհնված լեռ է: Այն հայրենիքի խորհրդանիշն է աշխարհի տարբեր անկյուններում ապրող ամեն մի հայի համար:

Հնուց Հայաստանն ուխտագնացության վայր է նաև ամբողջ աշխարհի համար: Օտարերկրացիները որպես ուխտագնացներ Հայաստան են եկել դեռևս հին ժամանակներում, երբ լեռը պատված չէր ձյունով, և տեսանելի էր հսկայական Նոյան տապանը: Հետագայում, երկրագնդի ջերմաստիճանի նվազման արդյունքում, տապանը, որը մի ժամանակ փրկել էր մարդկության կյանքը, մնաց ձյան տակ: Շատ գիտնականներ և հետազոտողներ փորձել են գտնել տապանը: Այդ նպատակով Արարատ լեռը նկարահանվել է արբանյակային տեսախցիկներից: Բազմաթիվ հետաքրքրաշարժ փաստեր են բացահայտվել, որոնք անուղղակիորեն հաստատում են տապանի գոյության փաստը: Այնուամենայնիվ, շատ առեղծվածներ դեռևս սպասում են իրենց բացահայտմանը:

Արարատ լեռն իր անզուգական գեղեցկությամբ շատ գրողների ու նկարիչների համար եղել է ոգեշնչման աղբյուր:

Բիբլիական Արարատը միշտ եղել և մնում է Հայոց բազմադարյա պատմության «լուռ վկան»: Այն մեզ հիշեցնում է նաև մարդկության և հայ ժողովրդի դեմ գործած ամենամեծ ոճիրը` Հայոց ցեղասպանությունը: Արարատ լեռը հավերժական հուշարձան է 1915 թվականին Օսմանյան կայսրության (Թուրքիայի) կողմից կոտորված 1,5 միլիոն անմեղ հայերի հիշատակին:

Հայ ժողովրդի սրտում միշտ կպահպանվի հույսը, որ պատմական անարդարությունը մի օր կհաղթահարվի, Թուրքիան կճանաչի իր մեղքը, և Արարատը կազատագրվի: Չնայած, որ Արարատ լեռն այսօր Հայաստանի պետական սահմանից այն կողմ է, Սուրբ լեռան գեղեցկագույն տեսարանը բացվում է Հայաստանից: