13 Mashtots ave., Yerevan, Armenia +374 41 501530, +37410 501530


The best way to discover Armenia


+374 41 501530

Խաչքարերի երկիր

Հայաստանն առանձնահատուկ մի երկիր է, որտեղ կան ավելի քան 50 000 ձեռատաշ խաչքարեր, որոնցից ոչ մեկը մյուսին նման չէ: Յուրաքանչյուր խաչքար ունի իր զարդանախշը, դարերի խորքը գնացող պատմությունը: Խաչքարերը, որոնք հաճախ կշռում են մի քանի տոննա, պահանջում են ծանր աշխատանք, տաղանդ և հսկայական ժամանակ: Աշխարհում ոչ մի ազգ չի անցել այսպիսի մեծ և երկարատև ճանապարհ` Աստծո հանդեպ իր հավատն արտահայտելու համար:

Խաչքարը հիմնականում ստեղծվում է հրաբխային բազալտից կամ տուֆից: Խաչքարի ներքևի մասում փորագրվում է Արևի (Հավերժության) խորհրդանիշը, որի կենտրոնում պատկերվում է խաչը` Քրիստոսի խաչելության խորհրդանիշը: Խաչքարը շրջեզրվում է 5 նախշերով կամ խաղողի ու տերևների զարդաքանդակներով, որոնք խորհրդանշում են Քրիստոսի հարությունը:

Խաչքարերը ստեղծվել են այն ժամանակ, երբ Հայաստանը 301 թվականին քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն և դարձավ աշխարհի առաջին քրիստոնյա երկիրը: Հայերի համար դա Քրիստոսի հարության խորհրդանիշն է` մահի դեմ նրա հաղթանակը:

Խաչքարերը ծառայել են որպես տապանաքար` կարևոր իրադարձությունների առիթով, ինչպիսիք են ճակատամարտերում հաղթանակները, եկեղեցիների, տաճարների, ջրատարների կառուցումը: Դրանք տեղադրվում էին սրբավայրերում, գերեզմանատներում, ճամփեզրերին, ինչպես նաև բլուրների ու ժայռերի վրա: Որոշ դեպքերում, օրինակ Գեղարդում, որն անկրկնելի ժայռափոր վանք է, խաչքարերը տեղադրված են պատերի վրա: Խաչքարերը համարվում էին սուրբ քարեր, և այն վայրերը, որտեղ տեղադրված էին դրանք` սրբատեղիներ:

Խաչքարեր մեծ քանակությամբ քանդակվել են 12-13-րդ դարերի ընթացքում. բոլոր ժամանակների մեծ վարպետներ Մոմիկն ու Պողոսը խաչքարեր են արարել հենց այդ դարերում: Խաչքարի ստեղծման բարդ և պատասխանատու գործը վստահել են միայն նրանց, ովքեր խորապես հավատում էին Աստծուն և ունեին բնատուր անգերազանցելի տաղանդ, քանզի խաչքարերը համարվում էին տեղի սրբավայրի նշան: Չնայած, որ օտարերկրյա և, մասնավորապես, ոչ քրիստոնյա զավթիչները դարեր ի վեր փորձել են ոչնչացնել հայկական արժեքները, բազմաթիվ գեղեցիկ աշխատանքներ պահպանվել են: Այդպիսիք կարելի է տեսնել Գոշավանքում, Դադիվանքում և այլ վայրերում: Քարը հուշարձանի վերածելու բացառիկ ձիրքը կարծես փոխանցում է Աստծո խոսքը, դրանով իսկ, սովորեցնելով սերունդներին: Հատկապես 13-րդ դարից հետո բազմաթիվ խաչքարեր են ոչնչացվել կամ վնասվել օտարերկրյա զավթիչների կողմից, սակայն խաչքարեր կերտելու ավանդույթը երբեք չի մոռացվել, և մինչ այսօր շատ հայեր զբաղվում են խաչքարերի մշակույթով:

Հայաստանում պահպանված ամենահին խաչքարը Աշոտ Ա Բագրատունու կնոջը` Կատրանիդեին նվիրված խաչքարն է: Այն թվագրվում է 879-ին և գտնվում է Գառնու հեթանոսական տաճարի տարածքում:

Հին հայկական գերեզմանատները հարուստ են մարդկության հիասքանչ այս գործերով: Սրա ապացույցն է Նորատուսում գտնվող միջնադարյան գերեզմանատունը, որտեղ կա մոտ 900 խաչքար, որոնցից մի քանիսը ունեն 1,5մ բարձրություն:

Խաչքարերը սփռված են պատմական և արդի Հայաստանի ամբողջ տարածքում: Այդ է պատճառը, որ Հայաստանը համարվում է «թանգարան բաց երկնքի տակ»: