13 Mashtots ave., Yerevan, Armenia +374 41 501530, +37410 501530


The best way to discover Armenia


+374 41 501530

Հին ձեռագրեր

այ ժողովրդի ամենամեծ արժեքներից են հին ձեռագրերը: Աշխարհում կան մոտ 30 000 հայկական հին ձեռագրեր, որոնց մեծ մասը (մոտ 17 000) պահպանվում են Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում` հին ձեռագրերի ինստիտուտում (ք. Երևան): Հայկական ձեռագրերի մյուս խոշոր պահոցները գտնվում են Երուսաղեմում` Հայկական պատրիարքարանի գրադարանում (մոտ 4000 ձեռագիր), Վենետիկում` Մխիթարյանների միաբանությունում (մոտ 4000 ձեռագիր) և Վիեննայում (մոտ 2500 ձեռագիր):

Հայկական ձեռագրերերի արվեստն ունի հնագույն ավանդույթներ, ձեռագրերն աչքի են ընկնում բարձրակարգ գեղարվեստական նշանակությամբ և յուրօրինակությամբ:

Հայկական ձեռագիր գրքերի պատմությունը սկիզբ է առել 405թ. հայկական գրերի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի օրերում, որը ստեղծեց հայերեն ձեռագիր առաջին մատյանը: Հայատառ առաջին մատյանները Աստվածաշունչ գրքերի թարգմանություններն էին, իսկ հետագայում, նաև` ինքնուրույն գրականության ստեղծումը: Մինչև 14-րդ դարի կեսը հայկական գրքերը գրվում էին ձեռագիր, հետագայում ստեղծվեցին առաջին տպագիր գրքերը, և միայն 19-րդ դարում վերջնականապես ձեռագիր գրքին փոխարինեց տպագիր գիրքը:

Հայկական ձեռագրերն ունեն գրքի տեսք: Դրանք այդպես էլ կոչվել են` գիրք կամ մատյան: Գլանաձև փաթաթված ձեռագրեր հայերը երբեք չեն ունեցել: Մինչև 10-րդ դարը ձեռագրերը գրվել են մագաղաթի վրա, իսկ հետագայում նաև թղթի վրա: Մագաղաթը ստանում էին հիմնականում տնային կենդանիների (հորթի և գառան) մորթուց, իսկ թուղթը ներկրվում էր: Գրքի ստեղծումը մի քանի փուլերով էր ընթանում` մագաղաթի և թանաքի պատրաստում, գրի նախապատրաստում (գեղագրություն և ուղղագրություն), նկարազարդում, փաթեթավորում, կազմում: Գիրքը ստեղծվում էր մի քանի արհեստանոցներում` մի խումբ վարպետների օգնությամբ: Կազմը պահպանում էր գիրքը վնասվելուց և տալիս էր նրան պատշաճ արտաքին տեսք:

Իր դարավոր պատմության ընթացքում հայ ժողովուրդը ստեղծել է մի քանի տասնյակ հազարից ավելի ձեռագրեր, որոնց թվում կային պատմության և բնագիտության մասին աշխատանքներ, մշակութային, հոգևոր և աշխարհիկ ստեղծագործություններ:

Հայկական ձեռագրերը իր ժողովրդի նման կրել են պատմության ողբերգական իրադարձությունների ազդեցությունը: Հայ ժողովրդը միշտ սրբությամբ է վերաբերվել իր ձեռագրերին, պահպանել, փրկել օտարազգի բռնակալներից, վերականգնել դրանք: Պատմական գրառումների մեջ ձեռագրերի մասին միշտ խոսվել է ինչպես կենդանի, շնչավոր էակի մասին: Մեզ հասել են բազմաթիվ պատմություններ, թե ճակատագրական պահերին մարդիկ ինչպես էին կյանքի գնով փրկում ոչ թե տասնամյակների ընթացքում կուտակած իրենց ունեցվածքը, այլ տարածության և ժամանակի մեջ վերաբյուրեղացած ազգային սեփականությունը:

Հենց սա է պետականությունը բազմաթիվ անգամ կորցրած հայի կերպարի բնորոշ գծերից մեկը, և միաժամանակ, ազգի պահպանման գլխավոր գործոններից մեկը:

Ասվածի վառ օրինակ է հայկական ամենամեծ ձեռագիր գրքի` «Մշո ճառընտիր»-ի «փրկության» պատմությունը: Ձեռագիրը գրվել է 3 տարվա ընթացքում, 1200-ից 1202 թվականները` Երզնկա քաղաքի Ավագ վանքում: Գրվել է մագաղաթի վրա, ունի 604 թերթ, 128 էջ: Յուրաքանչյուր թերթը (չափսերը կազմում են 55.5×70սմ) մշակվել է 1 ամսական հորթի մորթուց: Ձեռագրի քաշը 28կգ է: Այն պատվիրել է Աստվածատուր անունով մի տղամարդ: 1203թ. մոնղոլ-թաթարական արշավանքների ժամանակ Աստվածատուրը սպանվեց, իսկ իր ունեցվածքը բռնագրավվեց: Խլաթ քաղաքի թուրք դատավորը, պատճառաբանելով, որ Աստվածատուրը իրեն պարտք է եղել, ձեռագիրը վերցնում է: 1206թ. Մուշ քաղաքի Սբ. Առաքելոց վանքի քահանաները, իմանալով, որ թուրք դատավորը վաճառքի է հանել ձեռագիրը, երկար բանակցություններից հետո (մոտ մեկ տարի), 4000 բարաթով (արծաթե մետաղադրամ) վերագնեցին ձեռագիրը: 19-րդ դարում Սբ. Առաքելոց եկեղեցի ուխտագնացության ժամանակ, Լազարյանները Սբ. Ղազար կղզուց իրենց հետ որպես մասունք վերցրեցին ձեռագրի 17 թերթ: 1915թ. հայերի ցեղասպանության ժամանակ Օսմանյան կայսրությունում երկու հասարակ հայ կին ձեռագիրը գտնում են քանդված վանքում: Երկուսն էլ ուղևորվում էին Արևելյան Հայաստան: Մեկը հասնում է Սբ. Էջմիածին` Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոն, և հանձնում է ձեռագիրը եկեղեցուն, իսկ երկրորդը ճանապարհին զոհվում է: Մահից առաջ նա ձեռագրի իր մասը թաղում է Էրզրում քաղաքի վանքի բակում: Հետագայում ձեռագիրը գտնում է մի ռուս զինվորական, որը վերցնում է ձեռագիրը և տանում իր հետ Թիֆլիս ու նվիրում հայկական համայնքին: 20-րդ դարի 20-ական թվականներին ձեռագիրը բերվում է Հայաստան, և այժմ նրա երկու կտորն էլ պահպանվում են Մատենադարանում:

1915թ. Եղեռնի ժամանակ ոչնչացված ձեռագրերի քանակությունը հայտնի չէ, քանի որ այն ժամանակ չկար տարբեր տեղերում պահվող բոլոր ձեռագրերի հաշվառման ցուցակ, սակայն, մեզ հասած տվյալների համաձայն` նրանց թիվը հասնում է մի քանի հազարի:

Ոչնչացված ձեռագրերի մեջ կային Աստվածաշունչներ, Հին ու Նոր Կտակարաններ, ժամագրքեր, սաղմոսագրքեր, քարոզագրքեր, օրացույցեր, ծիսագրքեր, մաշտոցներ, կանոնագրքեր, նաև պատմագրական, փիլիսոփայական, աստվածաբանական բնույթի` հնագույն ժամանակներից մինչև ուշ միջնադարի գործեր, որոնց հեղինակներն էին հայկական, հունական, հռոմեական, հրեա գիտնականները: Կային ձեռագրեր, որոնք պարունակում էին հայկական մանրանկարչության գլուխգործոցներ: Հայկանան ձեռագրերի ոչնչացումը մեծ հարված էր ոչ միայն հայկական, այլև ամբողջ աշխարհի մշակույթի ու գիտության համար, անդառնալի կորուստ մարդկության համար: Հայ մտավորականության ջանքերով ձեռագրերի մի մասը, որը գտնվում էր Արևմտյան Հայաստանի տարածքում, այնուամենայնիվ, փրկվեց:

Ազգային մշակույթի անհայտ պահապանների շնորհիվ հայ ազգը կարողացավ ոչ միայն արդի սերունդին մեծ ժառանգություն հասցնել, այլև դժվարին պայմաններում կարողացավ ապահովել սերունդների հարատևությունը, ազգային մշակույթի հարատևությունը: Հարյուրամյակների ընթացքում հայերը ստիպված են եղել ոչ միայն պաշտպանվել քոչվող ցեղերի իրար հաջորդող հարձակումներից, այլև փրկել ազգային սեփականությունը, պահպանել ձեռագրերը…

Մատենադարանը հայկական ձեռագիր մշակույթի խոշորագույն կենտրոն է: Այստեղ ի պահ են տրված 5-13-րդ դարերում ստեղծված 17 000 ձեռագիր մատյաններ, որոնցից 14 000-ը հայերեն ձեռագրեր են, իսկ 3 000-ը` օտարալեզու ձեռագրեր: Օտարալեզու ձեռագրերի մեջ մեծ թիվ են կազմում արաբական և պարսկական ձեռագրերը, մեծ հետաքրքրություն են առաջացնում լատինական, հունական, եթովպական, հին հրեական, սիրիական, հին ռուսական և այլ ձեռագրերը: Հատկանշական է, որ միջնադարյան պահոցային փաստաթղթերը հաշվվում են ավելի քան 100 000 միավոր:

Մատենադարանի ցուցադրանքի մեջ տեղ են գտել հայերեն ձեռագիր մշակույթի կոթողներ` 5-6-րդ դարերի մագաղաթե ձեռագրերի պատառիկներ, 9-10-րդ և հետագա դարերի ամբողջական ձեռագրեր, քարանձավներում հայտնաբերված քարացած ձեռագրեր: Ցուցանմուշների դասավորության ժամանակագրությունը ընդգրկում է գրչության առաջացման ժամանակաշրջանից մինչև 19-րդ դարը:

Հին ձեռագրերը մեր նախնիների բարձրարժեք մշակույթի, հոգևոր հարստության, գիտության տարբեր բնագավառներում խոր գիտելիքների վառ ապացույցն են: Հին ձեռագրերի աշխարհը անվերջանալի գաղտնիքների, խորհուրդների աշխարհ է, որը դեռ բացահայտելու կարիք ունի