13 Mashtots ave., Yerevan, Armenia +374 41 501530, +37410 501530


The best way to discover Armenia


+374 41 501530

Ծիրանափող

Դուդուկի հիասքանչ մեղեդին

Ասում են, որ երաժշտությունը հանգստացնում է հոգին: Դուք երբևէ եղե՞լ եք երաժշտության կախարդական ազդեցության տակ: Եթե ոչ, ապա պետք է լսեք հայկական դուդուկի կախարդական ելևէջները:

Դուդուկը համարվում է հայկական ամենահին երաժշտական գործիքը: Բացի այդ, այն նաև ամենասիրվածն է, քանի որ ամբողջովին արտահայտում է հայ ժողովրդի զգացումներն ու հույզերը: Գործիքն ունի 1900 տարվա պատմություն: Թեև դուդուկ նվագում են Կովկասի շատ երկրներում, նրա հայրենիքը Հայաստանն է:

Դուդուկը հոգևոր գործիք է, որը պատրաստվում է ծիրանենուց: Հայաստանում այն անվանում են նաև ծիրանափող: Դուդուկի երաժշտության առանձնահատկությունը նրա լիրիկական հնչեղությունն է: Դուդուկն ունի ջերմ և նուրբ ձայն, որն առաջանում է ներս մղվող օդի ազդեցության տակ փայտյա թիթեղների տատանումներից: Գործիքի արտաքին վերին մասում կա յոթ, իսկ նեքևի մասում` մեկ ձայնային անցք:

Սովորաբար երկու դուդուկահարներ միասին են հանդես գալիս: Մեկը մենակատարն է, իսկ մյուսը` դամքաշը: Դամ-ը շնչառությունն է, ձայնակցումը, արևելյան երաժշտության մեջ` մեղեդու ներդաշնակությունը: Դամքաշը, կիրառելով անդադար հնչող ձայնով նվագելու հատուկ մեթոդը, մենակատար դուդուկահարի կամ երգչի համար ստեղծում է գունային յուրահատուկ ֆոն: Առաջանում է հանգստության, խաղաղության, հոգևոր սկզբի անկրկնելի զգացողություն: Պարային երաժշտության կատարման համար դուդուկին միանում է հարվածային դհոլ գործիքը:

Հայաստանը դուդուկ նվագող բազմաթիվ տաղանդավոր երաժիշտների երկիր է: Հայաստանի լավագույն դուդուկահարներից են Ջիվան Գասպարյանը, Մկրտիչ Մալխասյանը և Սերգեյ Կարապետյանը: Դուդուկն օգտագործվել է հոլիվուդյան, ինչպես նաև այլ հանրահայտ մոտ 60 ֆիլմերում, ինչպիսիք են «Տիտանիկը», «Գլադիատորը» և այլն: Դուդուկի կախարդական ձայնը այնքան համահունչ է Հայաստանի բնությանը, պատմությանը, հոգուն, որ մեր երկիրը դժվար է պատկերացնել առանց դուդուկի: