13 Mashtots ave., Yerevan, Armenia +374 41 501530, +37410 501530


The best way to discover Armenia


+374 41 501530

Լեգենդար հայկական կոնյակ

Երբեք մի ուշացեք ճաշին, ծխեք Հավանայի սիգարներ և խմեք հայկական կոնյակ…»

Սըր Ուինստոն Չերչիլլ

Հայկական կոնյակի պատմությունը սկսվում է դեռևս այն ժամանակներից, երբ բիբլիական նահապետ Նոյը Արարատ լեռան ստորոտում տնկեց խաղողի առաջին որթը: Մինչև այժմ հիշատակ է պահպանվել օրհնված խմիչքի նախահոր մասին: Դեռևս հեթանոսական ժամանակներից այդ տարածաշրջանում մի ավանդույթ կար ` հազար բույսերից եփում էին անուշաբույր հեղուկ` մեռոն: Մեռոնով այսօր էլ մկրտության ժամանակ օծում են մկրտվողին: Հայաստանի թագավոր Տրդատի (մ.թ. 1-ին դար) կալվածքներում ապրող Պարգև անունով մի գինեգործ սովորեց այդ անուշաբույր հեղուկից սպիրտ թորել: 66թ. Տրդատը թագավորական շքախմբով և ընծաներով, որոնց թվում նաև մեռոն կար, ուղևորվում է Հռոմի կայսր Ներոնի մոտ: Հռոմեացի պատմաբաններ Տացիտի, Սվետոնիայի, Պլինիուս Ավագի վկայությամբ, երբ Ներոնը մեռոն է համտեսում, ցնծում ու հրճվում է, մանավանդ, որ ըմպելիքը համահունչ էր իր անվանը: Խնջույքը ղեկավարում է անձամբ, որը շատ հազվադեպ էր լինում: Իսկ խնջույքի մնացած օրերի ընթացքում հայերին այնքան քանակությամբ ոսկի է նվիրում, որ կարծես փոխհատուցվում է նրանց ճանապարհորդության և ընծաների գումարը:

Հայաստանում կոնյակի արտադրությունը հիմնադրվել է 1887թ., առաջին գիլդիայի վաճառական Ներսես Թաիրովի (Թահիրյան) կողմից, Հին Էրիվան ամրոցի տեղում` իր իսկ կառուցած Ռուսական կայսրության կոնյակի առաջին գործարանում:

Նոր արտադրությունը գոյատևեց մինչև 1899թ.: Նիկոլայ Թաիրովը դժվարանում էր կազմակերպել առաքումը, և նա վաճառեց իր գործը ռուս արդյունաբերող Նիկոլայ Շուստովին: «Շուստով և որդիներ» ընկերությունը վերազինեց գործարանը այդ տարիների ամենաարդիական սարքավորումներով, գնեց թորման սարքեր, կառուցեց նոր արտադրամաս սպիրտի կրկնակի թորման համար, իսկ նկուղներում տեղադրեց կաղնեփայտե տակառներ կոնյակի երկարաժամկետ պահպանման և հնեցման համար: Շուստովը միանգամից իր արտադրանքը շուկա հանեց: Ընկերության լոգոտիպով պաստառները զարդարում էին շոգենավերի և դիրիժաբլերի նավակողերը: Գովազդային արշավը արդյունավետ էր` Շուստովի արտադրանքը ամուր դիրքեր գրավեց ռուսական շուկայում:

1900թ. Շուստովի կոնյակը ներկայացվեց Փարիզի ցուցահանդեսում: Ցուցահանդեսում համտեսվող խմիչքների անվանումները նախապես չէին բացահայտվում: Փորձառու ֆրանսիացի համտեսողների կողմից անհայտ խմիչքը ճանաչեցվեց լավագույնը` Շուստովի կոնյակին շնորհվեց Գրան-Պրի մրցանակ: Շուստովի անունը մեծ աղմուկ հանեց: Ճանաչված գինեգործներին դյուրին չէր համակերպվել այն մտքի հետ, որ օտարերկրյա ծագում ունեցող խմիչքը պետք է կոնյակ անունը կրի: Այնուամենայնիվ, բարձր որակի համար Շուստովին թույլատրվեց իր արտադրանքը վաճառել ոչ թե բրենդի անունով, այլ` որպես կոնյակ, ինչը թույլատրվում էր միայն Կոնյակ գավառում աճող խաղողից ստացված խմիչք արտադրող ընկերություններին:

Ամենաբարձր ճանաչման հայկական կոնյակն արժանացավ 1913թ., երբ «Շուստով և որդիներ» ընկերությունը պատիվ ունեցավ դառնալ Ռուսական Կայսրության արքունիքի մատակարար: Այդպիսի տիտղոս ունեին միայն 30 ռուսաստանյան և օտարերկրյա արտադրողներ: Դրա համար պահանջվում էր առնվազն ութ տարի մասնակցել նահանգային բոլոր ցուցահանդեսներին և այդ ընթացքում սպառողներից ոչ մի դժգոհություն չստանալ խմիչքի որակի վերաբերյալ: